Իր ցանկացած լավագույն ձևով կարգավորելով գործերը Մեծ Հայքում ու նրա հարակից երկրներում՝ Շապուհ I-ը ի վերջո ձեռնամուխ եղավ Հռոմեական կայսրությանը երկար սպասված պատասխան հարված հասցնելուն, սակայն այս ուշագրավ իրդարձություններին, հավատարիմ սույն աշխատանքը գրելիս իմ որդեգրած սկզբունքներին, ես չեմ անդրադառնա՝ այդ հարցի լուսաբանումը հետաձգելով մեկ ուրիշ անգամվա և ստորև խոսելով հռոմեա-պարսկական այս հետաքրքիր հակամարտության դրվագներից միայն մեկի մասին: Խոսքը վերաբերում է Հռոմի Տակիտոս կայսեր (275-276) մահվան հանգամանքներին:
273 թ-ի ամենասկզբում Պարսից թագավորության արքա Շապուհ I-ը մահացավ, որից հետո Սասանյանների տերության նոր արքա հռչակվեց նրա որդին՝ Մեծ Հայքի թագավորության նախկին արքա Որմիզդը՝ Որմիզդ I-ը (273)՝ իր հերթին Մեծ Հայքի թագավորության արքա հռչակելով որդուն՝ Որմզդակին (273-276)։ 273 թ-ի ամենավերջում, սակայն, Որմիզդը կիսեց իր հոր ճակատագիրը, որից հետո գահն անցավ ամենայն հավանականությամբ սեփական եղբոր մահը կազմակերպած Վահրամ I-ին (273-276)։ Իր հերթին արդեն 274 թ-ին, տեղեկանալով ահեղ Շապուհի մահվան մասին և որոշելով սրան հաջորդած որդիների օրոք ի վերջո հաշիվ տեսնել Սասանյանների տերության հետ՝ Հռոմի կայսր Ավրելիանոսը (270-275), որին մի պահ հաջողվել էր կայունացնել կայսրության ներքաղաքական դրությունը, բոլոր կողմերից Փոքր Ասիայում հավաքելով բանակային խոշոր ուժեր, ինքը ևս իր շքախմբով աստիճանաբար շարժվեց արևելյան ուղղությամբ, սակայն աշնան հենց ամենասկզբում զոհ գնաց իր իսկ մտերիմների հղացած դավադրությանը։ Ռազմունակ կայսեր սպանվելը Հռոմեական կայսրությունում կրկին գահակալական ճգնաժամ առաջացրեց, ինչի պայմաններում պարսիկների դեմ նոր պատերազմի մասին խոսք գնալ որևէ կերպ չէր կարող։
Ի տարբերություն առաջին երկու Սասանյանների ամուր կառավարման, սակայն, քննարկվող ժամանակաշրջանում ամուր չէին նաև Սասանյանների գահին հայտնված չորրորդ գահակալի՝ Վահրամ I-ի դիրքերը, որին կարծես թե հետևում էր մահացած եղբոր ստվերը։ Քննարկվող ժամանակահատվածում, ինչպես ասվեց, խաղաղ չէր, սակայն, նաև հռոմեացիների մոտ։ Տաղանդավոր Ավրելիանոսը, ցանկանալով Սասանյանների տերությանը հարված հասցնել այդ թվում նաև Օսթգոթական թագավորության միջոցով և նախատեսելով, որ Կովկասյան լեռներից հարավ թափանցած գերմանական ռազմատենչ այդ ցեղերն ու նրանց դաշնակիցները, մինչ ինքը ուղղակի կհարձակվի Տիզբոնի վրա, առնվազն գոնե կկաշկանդեն Մեծ Հայքի, Իբերիայի և Աղվանքի թագավորություններին, մեծ խոստումներով ոտքի էր հանել այս թագավորությանը, սակայն այժմ, այն բանից հետո, երբ Ավրելիանոսը սպանվեց, իսկ արևելյան արշավանքն էլ չեղյալ համարվեց, հռոմեացիների չկայացած այդ դաշնակիցները իրենց մեծապես համարեցին խաբված ու թշնամական դիրք գրավեցին հաջորդ կայսր Տակիտոսի նկատմամբ։ Հռոմի նորահռչակ հերթական այս կայսրը, սեփական պետության առաջ ծառացած բոլոր խնդիրների շարքում ամենակարևորը համարելով այնուհանդերձ արևելյան սահմանի անվտանգությունը, իր եղբայր Ֆլորիանոսի հետ միասին 275 թ-ի ամենավերջում ժամանեց արևելք՝ թերևս ցանկանալով այդ թվում նաև և 276 թ-ի սկզբին օգտվել Սասանյանների տոհմում առաջացած վեճերից, և սաստել հյուսիսային վայրենիներին։ Սասանյանները, սակայն, իրենց գործերը առանց բացահայտ ռազմական բախման կարգավորեցին, ընդ որում նրանք ոչ միայն Տակիտոսին գործելու հնարավորություն չտվեցին, այլև չխանգարեցին նաև Օսթգոթական թագավորության բանակին հարված հասցնել Փոքրի Ասիային։
276 թ-ի հունիսին Տակիտոսը, չիմանալով թշնամիների հարվածի ուղղությունն և իր եղբայր Ֆլորիանոսին խոշոր ուժերով համենայն դեպս թողնելով Կիլիկիայում, ինքը Խոսրով I Քաջի երիտասարդ, սակայն արդեն մարտերում իր հսկայական ուժով ու մեծ խիզախությամբ աչքի ընկնող որդի Տրդատի հետ միասին գտնվում էր Տրապիզոնի մոտակայքում։ Հենց այդ ժամանակ էր, ահա, որ նա լուր ստացավ իրենից դեպի ավելի արևմուտք՝ ամենայն հավանականությամբ Սինոպի մոտակայքում, օսթգոթերի հասցրած ծովային հզոր հարվածի մասին, սակայն, մինչ կշարժվեր սրանց դեմ, մի նոր վտանգ ծագեց։ Միհրան III Մեծն ու Մեծ Հայքի թագավորության հերթական արքա, վերջօինիս հորեղբայր Ներսեսը (276-287, 287-293՝ մի մասում), կարգի գցած իրենց գործերը, շարժվեցին Տրապիզոնի ուղղությամբ և արդյունքում Պարսից, Մեծ Հայքի ու Իբերիայի թագավորությունների միացյալ բանակը Խաղկտիքի լեռներում ծանր պարտության մատնեց[1] Տակիտոս կայսեր և Տրդատ արքայազնի գլխավորած հռոմեական բանակին ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին, ընդ որում սպանվողների թվում էր նաև հռոմեական դժբախտ կայսրը։ Փաստորեն տեղի է ունեցել մի խոշոր ընդհարում, որի վրա, սակայն, որևէ ուշադրություն չի դարձվել՝ կրկին Մովսես Խորենացուն թերագնահատելու պատճառով, ինչը սխալ է։
Այս կապակցությամբ ամենից առաջ նշենք, որ, ըստ Պատմահոր, այս ճակատամարտում սպանվել է կայսր Տակիտոսը, այսինքն կասկածից վեր է վերջինիս թվականը, իսկ այդ դեպքում այլևս որևէ հիմք չի մնում թերhավատորեն մոտենալ Խորենացու հաղորդմանը։ Բացի այդ հետաքրքիր է, որ հռոմեական աղբյուրները խիստ հակասական տեղեկություններ են տալիս Տակիտոսի մահվան հանգամանքների մասին։ Ըստ Ֆլավիոս Վոպիսկոսի կայսրը կյանքից հեռացել է ծովափն ասպատակող գոթերի դեմ արշավանքի ժամանակ, ընդ որում ըստ հեղինակի նրան կամ լեգեոներներն են սպանել, կամ նա մահացել է հիվանդությունից։ Զոսիման ուղղակիորեն նշում է, որ Տակիտոսը սպանվեց լեգեոներների կողմից, այն դեպքում, երբ, ըստ Ավրելիանոս Վիկտորի և Եվտրոպիոսի, վերջինս մահացել է տենդից Տիանայում կամ Տարսոնում այն բանից հետո, երբ արշավի էր ելել Փոքր Ասիան ասպատակող գոթերի դեմ։ Այս ամենի ֆոնի վրա բավականին տրամաբանական է թվում Մովսես Խորենացու հաղորդումը, որը լրացնում է հռոմեական աղբյուրներին և որի լույսի տակ կարծես թե պարզ է դառնում, որ Տակիտոսը սպանվել է Պարսից թագավորության համար հաղթական հանդիսացած ճակատամարտի վերջում, ընդ որում սեփական լեգեոներների կողմից։ Կարելի է ենթադրել, որ հենց դրանից հետո է հաջողությունը զարգացրած Պարսից թագավորության բանակը գրավել Անդրեփրատյան Ծոփքը, որի գրավումը 276 թ-ին արդեն անկասկած ընդունվում է սովետահայ պատմագիտության կողմից[2]։
_________________________________ [1] Ֆլավիոս Վոպիսկոս «Օգոստոսների կենսագրություններ, Տակիտոս», մաս 13; Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 36; Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 23; Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 1, գլուխ 63; Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 9 գլուխ 16; Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 76; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 18; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 5; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 6, գլուխ 9; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 8: [2] Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, Երևան 1984, էջ 61։
_________________ Приходите в мой дом...
|