301թ. հայերը, առաջինը աշխարհում, պաշտոնապես ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայոց ռազմական ավանդույթներում սկսեց առաջանալ ռազմիկի նոր՝ «Խաչի դյուցազուն»-ի կերպարը, սկսեց ձևավորվել ռազմիկների մի ամբողջություն, որի նմանը եվրոպական երկրներում պետք է առաջանար միայն հարյուրամյակներ անց` ի դեմս ասպետության:
Փավստոս Բուզանդը, «Խաչի դյուցազունների» իր ժամանակի այդ գովերգիչը, այսպես է փոխանցում վերջիններիս գաղափարախոսությունը և հավատամքը. «Նա հավատարմությամբ ու արդար վաստակով, ջանասիրությամբ ու մշտապես ծառայում էր Հայոց աշխարհի և թագավորության համար: Զօրուգիշեր նա գործի մեջ էր. ջանում ու ճգնում էր պատերազմի ճակատներում և երբեք թույլ չէր տալիս, որ Հայոց աշխարհի սահմաններից մի կորու չափ հող օտարվի: Նա կյանքն էր դրել իր երկրի համար և կմեռներ քաջի անվան համար, իր բնիկ տերերի համար, իր երկրի բնակիչների համար, քրիստոնեական հավատի համար, Աստծուն հավատացյալ և մկրտված ժողովրդի համար, եկեղեցիների համար և նրանց սրբազան սպասների համար, Քրիստոսի վկայարանների համար, Աստծու ուխտի համար, իր քույրերի և եղբայրների համար, իր մերձավոր տոհմակիցների համար, հանուն հավատարիմ և առաքինի այն բարեկամների, որոնք նրա հետ մշտապես եղել են կռվի մեջ և կյանքը զոհաբերել Հայրենիքի համար և մահն արհամարհելով իր կյանքի բոլոր օրերում ծառայում էր իր բնիկ Արշակունի տերերի համար»:
«Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած»,- իր զորականներին խոստովանում էր Շապուհ II-ը (309-379),- «Հայոց գնդի միասիրտ հավատարմության և տիրասիրության վրա: Որովհետև այսքան տարի է, որ նրանց տերը` Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ: Երբ իրենց ախոյանին գետին էին տապալում, միշտ ասում էին. «Արշակի համար», իսկ նա նրանց մեջ չէր, բայց նրանք իրենց սիրուց և տիրասիրությունից, որ ունեին իրենց բնիկ տիրոջ նկատմամբ` ամեն մի ախոյանի, որին սպանում էին, նրան էին նվիրում… Երանի նրան, որ Հայոց գնդի տերն է…»,- շարունակում էր Պարսից բռնակալը…:
Ավելի ուշ ժամանակներում պետականության բացակայության երկարատև չորս ու կես հարյուրամյակները դույզն իսկ չփոխեցին հայ ռազմիկի մարտական հատկանիշները: Վեցերորդ դարի բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին հայտնում է, որ մինչև 474թ. կայսրերը իրենց թիկնապահներ ընտրելիս «…նկատի էին ունենում մարդկանց արժանիքները և դրա համար էլ հայերին էին տալիս նախապատվությունը»: Մեկ ուրիշ բյուզանդական պատմիչ, խոսելով բյուզանդական բանակում ծառայող Մանվել անունով մի հայ զորականի մասին և փաստացի նույնացնելով «հայ» և «քաջ» հասկացությունները, ուղղակիորեն ասում է. «Մանվելը շատ քաջ մարդ էր և լավ հայտնի իր բոլոր հակառակորդներին, քանի որ նա ազգությամբ հայ էր»:
Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում հայոց ռազմիկների փառքը վաղուց անցել էր Հայաստանի սահմանները, իսկ մինչ այդ անպարտելի համարված արաբական բանակների ջախջախումը, այն էլ քանակապես վերջիններիս վեցապատիկ զիջելու պայմաններում, ավելի էր ամրապնդել այն: Հատկապես X-XI դարերում բյուզանդական բանակի կազմում գտնվող Հայկական հետևակի վարկը այնքան բարձր էր, որ հաճախ նրանցից էին կազմվում թշնամու տարածքում գտնվող բերդերի ամբողջական կայազորները: Բյուզանդական բանակում անփոխարինելի էր նաև հայկական նետաձիգների դերը, որոնք մեկ անգամ չէ, որ մեծ ներդրում էին ունեցել բյուզանդական բանակի հաջող գործողություններում, քանի որ ինքը՝ այդքան փառաբանված կայսերական բանակը, հմուտ նետաձիգների մշտապես մեծ պակաս ուներ: Ավելին՝ V-ից մինչև XI դարի առաջին կեսը մեծ մասամբ հայերից էր կազմված կայսերական թիկնապահների ստորաբաժանումը, որը աչքի ընկավ շատ ճակատամարտերում:
Ընդ որում, եթե Հայկական հեծելազորը որակապես գերազանցելով բյուզանդականին, այնուհանդերձ, որպես զորատեսակ իր համարժեքն ուներ այնտեղ, ապա Հայկական հետևակը և հատկապես նետաձիգները բառիս բուն իմաստով անփոխարինելի էին կայսերական բանակում: «Բյուզանդիան պարտական է Հայաստանին հրաշալի զինվորներով, քանի որ X դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն զորամասերն էին համարվում»,- հայտնում է հայտնի բյուզանդագետ Շարլ Դիլը:
«Բյուզանդիայի ռազմական հզորությունը, ռազմական կազմակերպությունը և ռազմական հանճարը, այն հուսալի և ամուր հիմքը, որի վրա էր խարսխված բովանդակ փայլուն վերնաշենքը, ամբողջովին հայկական էր»,- իր գնահատականներում ետ չի մնում վերջինիցս բյուզանդագիտության մեջ ոչ պակաս հայտնի Ջենկինսը և ավելացնում է. «IX դարի կեսերից մինչև XI դարի սկիզբը քաջ և նվիրված զորավարների շարքում վեց մեծ ղեկավարներ աչքի ընկան` Վասիլ I-ը, Ռոման I-ը, Հովհաննես-Գուրգենը, Նիկեփոր Փոկասը, Հովհաննես Չմշկիկը և Վասիլ II-ը: Քաջ հայտնի է, որ բոլորն էլ հայկական ծագում ունեն»: Ընդհանուր պատկերը ամբողջացնում է հայտնի արևելագետ Գելցերը, որը խոսելով 1071թ. օգոստոսի 18-19-ին տեղի ունեցած Մանազկերտի ճակատամարտի և դրանից հետո Բյուզանդական կայսրության անկման պատճառների մասին, հայտնում է. «Հայաստանը և Կապադովկիան, նահանգներ, որոնցից սերվել էին այնքան հայտնի կայսրեր և ռազմիկներ, և որոնք կազմում էին կայսրության հիմնական ուժը, կորան ընդմիշտ, և թուրքը դրեց քոչվորի իր վրանը հինավուրց հռոմեական փառքի վրա»:
_________________ Приходите в мой дом...
|