Արմենիայի III ապստամբություն
(748-752)
Արմենիայի III ապստամբությունը (748-752) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր, որի ծանրությունը հիմնականում իրենց վրա վերցրեցին Հայաստանի արևելյան նահանգները, ինչպես նաև Տարոնը: Ապստամբությունը, այն մասով, որ մասով որ նկարագրված է Ղևոնդի մոտ, որոշակիորեն հայտնի է, սակայն խնդիրն այն է, որ այս հեղինակը ներկայացնում է ըստ էության միայն ապստամբության սկիզբը և կարևորում է իրենց բնույթով երկրորդական իրադարձությունները: Ապստամբության հիմնական իրադարձությունները մոռացված են և կարելի է կարծել, որ այս գործում զգալի դեր է ունեցել այն հանգամանքը, որ դրանց մասին տեղեկացնում են ասորի հեղինակ Դիոնիս Տել-Մահարցին, ինչպես նաև արաբ հեղինակ Իբն-աս-Սիմ-ալ-Կաֆան, այն դեպքում, երբ հիշատակված դեպքերն արտացոլող հայկական աղբյուրներ չեն եղել կամ էլ մեզ չեն հասել:
Հիմնական իրադարձություններ748 – մարտարշավ դեպի Փոքր Հայք
748 – Բայլականի գրավումը
748 – Տրտու գետի ճակատամարտ
748 – Պարտավի ճակատամարտ
749 ամառ – Սամոսատի գրավումը
749 ամառ - 750 գարուն – Սամոսատի պաշտպանությունը
749 – Սասունի ճակատամարտ
750 – Խուլբի ճակատամարտ
750 – Կատաղի ամրոցի գրավումը
751 – Հալբո գյուղի ճակատամարտ
751 – մարտեր Տարոնում
751 – Մելիտեի և նրա շրջակայքի ասպատակումը
752 – Մելիտեի ճակատամարտ
752 – Անի-Կեմախ ամրոցի գրավումը
752 – Կարինի գրավումը
752 – Եդեսիայի գրավումը
752 – Շամքորի գրավումը
752 – մարտեր Տարոնում, հաշտության կնքում
Ապստամբության ընթացքը740-ական թվականների վերջին և 750-ական թվականների սկզբին Արաբական Խալիֆությունում սկիզբ առած կատաղի ու արյունահեղ պայքարը Օմայանների և Աբբասյանների միջև մեծապես թուլացրեց արաբների իշխանությունը Արմենիայում: Թվում էր, թե բոլոր պայմանները առկա են արաբական գերիշխանությանը Հայաստանում և հարակից երկրներում վերջ տալու համար: Ապստամբության սկսեցին երկու հզոր նախարարական տոհմերը, ի դեմս Մամիկոնյանների և Բագրատունիների, թեև ապստամբության ընթացքի և հետագա գործողությունների հարցում նրանց միջև առկա էին խորը տարաձայնություններ, իսկ Բագրատունիներն էլ շատ արագ դադարեցրեցին ապստամբական գործողությունները:
748 թ-ին Հայոց իշխան Աշոտ Բագրատունու և Գրիգոր Մամիկոնյանի գլխավորած Հայկական բանակը (մոտ 10.000 ռազմիկ, այդ թվում պավլիկյաններ) մարտարշավ իրականացրեց
Դարույնք-Տայք-Փոքր Հայք երթուղով` նպատակ ունենալով գործողություններ իրականացնել արաբների դեմ Բյուզանդական կայսրության հետ համատեղ: Տայքում, սակայն, Աշոտ Բագրատունին, համաձայն չլինելով հետագա գործողությունների ծրագրին և երկյուղելով ապստամբների շարքերում պավլիկյանների ավելի ու ավելի մեծացող դերից, լքեց ապստամբներին, սակայն գրեթե անմիջապես էլ ձերբակալվեց և կուրացվեց: Ապստամբության ղեկը ստանձնեց Գրիգոր Մամիկոնյանը, որը, սակայն, կարճ ժամանակ անց հանկարծամահ եղավ: Արդյունքում Տայքում հավաքված ապստամբները ցրվեցին, սակայն իրադարձությունները իրենց հետագա զարգացումը ստացան Հայաստանի արևելյան նահանգներում, ինչպես նաև Մամիկոնյաններին պատկանող Տարոնի իշխանությունում:
748 թ-ին հասարակ մսագործ Միքայելի գլխավորած Հայկական բանակը (մոտ 2.000 զինվոր) անակնկալ գիշերային գրոհով Արաբական խալիֆության բանակից (մոտ 1.000) գրավեց
Բայլականը, որից հետո դեպի հյուսիս նահանջած Հայկական համալրված բանակը
Տրտու գետի ճակատամարտում (Ուտիք) կրկին անակնկալ հարձակումով հաղթեց իրեն հետապնդող Արաբական խալիֆության բանակին (մոտ 10.000 զինվոր): Նույն տարում էլ Միքայելի գլխավորած Հայկական բանակը (մոտ 12.000 զինվոր)
Պարտավի ճակատամարտում ևս մեկ անգամ հաղթեց իր դեմ շարժված թշնամու բանակին (մոտ 15.000 զինվոր):
749 թ-ի ամռանը բյուզանդական բանակը (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000 զինվոր) Արաբական խալիֆության բանակից (մոտ 1.000 զինվոր) գրավեցին
Սամոսատը, սակայն որևէ կերպ չզարգացրեցին հաջողությունը: Օգտվելով դրանից` 749 թ-ի ամառվանից մինչև 750 թ-ի գարուն Արաբական խալիֆության բանակը (մոտ 40.000 զինվոր) պաշարեց
Սամոսատը բյուզանդական բանակից (մոտ 1.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 1.000 զինվոր), սակայն այդպես էլ չկարողացավ գրավել այն: Միաժամանակ, ձգտելով արյան մեջ խեղդել ապստամբությունը, թշնամին հարձակման անցավ նաև Տարոնի ուղղությամբ, սակայն 749 թ-ին Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 5.000 զինվոր)
Սասունի ճակատամարտում ջախջախեց Հյուսիսայի Ասորիքում և Հայոց Միջագետքում խոշոր տիրույթներ ունեցող Շայբանիների էմիրության առաջխաղացած բանակին (մոտ 10.000 զինվոր):
750 թ-ին Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 5.000 զինվոր)
Խուլբի ճակատամարտում (Սասուն) անակնկալ հարձակումով հաղթեց առաջխաղացած և հայկական գյուղերը ասպատակող Արաբական խալիֆության բանակին (մոտ 8.000 զինվոր): Նույն տարում էլ, սակայն, Արաբական խալիֆության բանակը (100.000 զինվոր) գրավեց
Կատաղի ամրոցը (Ուտիք) Միքայելի գլխավորած Հայկական բանակից (մոտ 1.000 զինվոր): Միքայելը զոհվեց, որից հետո Հայաստանի արևելյան նահանգներում ապստամբությունը սկսեցին ղեկավարել Սևորդիները:
751 թ-ին Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակը (մոտ 1.000 զինվոր)
Հալբո գյուղի ճակատամարտում (Սասուն) անակնկալ հարձակումով հաղթեց դարանակալած և Հովհանին բռնել փորձող թշնամու բանակին (մոտ 2.000 զինվոր): Դրանից հետո Տարոնի իշխանության տարածք ներխուժեց և սկսեց ասպատակել Ծոփքի կառավարչի գլխավորած բանակը (մոտ 12.000), բայց ի վերջո, ենթարկվելով Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակի (մոտ 5.000 զինվոր) պարտիզանական հարվածներին, ստիպված եղավ նահանջել: Արաբների անհաջողությունները կայսրության հարակից շրջաններում թույլ տվեցին վերջինիս որոշակիորեն ակտիվանալ: 751 թ-ին Արմենիակոն բանակաթեմի զորավար Աշկիրաշ Հայի գլխավորած Արմենիակոն բանակաթեմի բանակը (մոտ 30.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20.000 զինվոր) ասպատակեցին
Մելիտեն ու նրա շրջակայքը և նահանջեցին:
752 թ-ին բյուզանդական բանակը (մոտ 20.000 զինվոր) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000 զինվոր)
Մելիտեի ճակատամարտում հաղթեցին Արաբական խալիֆության բանակին (մոտ 10.000 զինվոր) և մտան քաղաք: Նույն տարում էլ քրիստոնյաները գրավեցին
Անի-Կեմախ ամրոցը, իսկ դրանից կարճ ժամանակ անց էլ Գուսան Հայի գլխավորած բյուզանդական բանակը (մոտ 30.000 զինվոր) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 9.000 զինվոր) գրավեցին արդեն արաբների կարևորագույն սահմանային հենակետ հանդիսացող
Կարինը: Այս ժամանակներին է առնչվում նաև
Եդեսիայում բռնկված ապստամբությունը, երբ Արաբական խալիֆության բանակը (մոտ 50.000 զինվոր) պաշարեց քաղաքը Հայկական աշխարհազորից (մոտ 1.000 զինվոր), սկիզբ առան բանակցություններ և ի վերջո կնքվեց փոխզիջումային հաշտություն, որի արդյունքում քաղաքի պարիսպները ավերվեցին: 752 թ-ին Սևորդաց գունդը (մոտ 1.000 զինվոր) անակնկալ հարձակումով Արաբական խալիֆության բանակից (մոտ 600 զինվոր) գրավեց
Շամքորը և ավերեց քաղաքի ամրությունները: Նույն տարում էլ
Տարոնի իշխանության տարածք ներխուժեց և սկսեց ասպատակել Հովհան Մամիկոնյանի գլխավորած Տարոնի իշխանության բանակի (մոտ 5.000 զինվոր) պարտիզանական հարվածներին ենթարկվող Արաբական խալիֆության հերթական բանակը (մոտ 30.000): Թշնամուն այս անգամ հաջողվեց գերել Հովհանին, սակայն բանակցություններից հետո վերջինս ազատ արձակվեց և մնաց որպես Տարոնի իշխան:
Այդ ժամանակներում Օմայանների և Աբբասյանների միջև ընթացքող պայքարը հիմնականում արդեն ավարտվել էր Աբբասյանների հաղթանակով և խալիֆության վիճակն զգալիորեն կայունացել էր, ինչը հնարավորություն էր տալիս Աբբասյաններին ապստամբների դեմ գործել անհամեմատ ավելի խոշոր ուժերով: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև բուլղարական վտանգից նեղվող Բյուզանդիայի համառ չկամությունը մեծածավալ մարտական գործողություններ սկսել արևելքում, ապստամբության ղեկավարները սկսեցին հաշտության ուղիներ որոնել: Սկսվեցին նոր բանակցություններ, որոնց արդյունքում փոխադարձ զիջումներով կնքվեց հաշտություն և Արմենիայի III ապստամբությունը վերջացավ: Արդյունքում, թեև հիմնականում վերականգնվեց նախկին վիճակը, սակայն արաբական ամենաթողությունը Արմենիայում որոշակիորեն սահմանափակվեց: